Մեր Հայրը Սուրբ Ավետարանն է, Մայրը՝ Առաքելական Սուրբ Եկեղեցին. / hogevor qarozner հոգևոր քարոզներ

Ի՞նչ է նշանակում Հայաստանյայց Եկեղեցի։
– Հայաստանյայց Եկեղեցի նշանակում է հայաստանցիների Եկեղեցի, այսինքն՝ հայ ազգի կամ հայ ժողովրդի Եկեղեցի։ Ահա թե ինչու կոչվում է նաև Հայոց Եկեղեցի, Հայ Եկեղեցի կամ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցի, քանի որ հիմնադրվել է առաքյալների կողմից։ Ի՞նչ է նշանակում մայր Եկեղեցի։
– Հայաստանյայց Եկեղեցին իր ժողովրդի հոգևոր մայրն է,և ժողովուրդն էլ նրա հոգևոր զավակն է։ Որովհետև Մկրտությամբ ժողովուրդը հոգևորապես ծնվում է նրա ծոցից, նրանից ստանում իր հոգևոր սնունդը և պաշտպանվում նրա հովանու տակ ընդդեմ իր հավատքի և բարոյականի թշնամիների։ Այս պատճառով ասվում է մայր Եկեղեցի։
Հայ ժողովուրդը որչա՞փ է սիրում իր մայր Եկեղեցին։
– Սկզբից ի վեր հայ ժողովուրդը ջերմորեն սիրել է իր մայր Եկեղեցին՝ նրա համար զոհելով իր ամենաթանկ բաները և,եթե հարկ է եղել, անգամ իր կյանքը։ Վարդանանց պատմիչը՝ Եղիշեն, պատմում է, որ ամբողջ ժողովուրդը՝ այր, թե կին, աղաղակում և ասում էր պարսիկներին.
«Պատրա՛ստ ենք հալածվելու, մեռնելու, ամեն տեսակ նեղությունների և չարչարանքների սուրբ Եկեղեցիների համար, որ ավանդեցին մեզ մեր նախահայրերը… Որովհետև մեզ հայր ճանաչում ենք սուրբ Ավետարանը և մայր՝ Առաքելական Կաթողիկե Եկեղեցին. թող որևէ չար անջրպետ մեջ ընկնելով չբաժանի՛ մեզ սրանից»։ Եվ արդեն իսկ Վարդանանց պատերազմը մղվեց՝ պահպանելու համար սուրբ Ավետարանը և մայրենի Եկեղեցին։
Ո՞վ հիմնեց Հայաստանի Եկեղեցին։
– Ամենից առաջ՝ Թադեոս առաքյալը, Սանատրուկ թագավորի ժամանակ։ Սանատրուկը հակառակվեց Ավետարանի քարոզությանը, սակայն նրա դուստր Սանդուխտը լուսավորվեց Թադեոս առաքյալի շնչով։ Սանատրուկը շատ ճիգեր գործադրեց, որ իր դուստրն ուրանա քրիստոնեությունը, բայց՝ ապարդյուն, և իր զայրույթը հագեցնելու համար սպանել տվեց թե՛ Թադեոս առաքյալին և թե՛ Սանդուխտ կույսին։ Թադեոսից հետո Հայաստանում քարոզեց Բարդուղիմեոս առաքյալը, բայց նա էլ պետության կողմից հալածանքների հանդիպեց և նահատակվեց։ Այս պատճառով էլ քրիստոնեությունն ազատ, համարձակ և անարգել չկարողացավ տարածվել Հայաստանում։
Բայց երբ 301 թվականին սուրբ Գրիգոր Լուսավորչի առաքելությամբ ու ջանքերով և Տրդատ թագավորի պաշտպանությամբ քրիստոնեությունը Հայաստանի համար պաշտոնական կրոն հռչակվեց, Եկեղեցին արագ մեծացավ, զարգացավ և տարածվեց։
Ո՞րն է Եկեղեցու պաշտոնը։
Եկեղեցու պաշտոնն է քրիստոնեական հավատքով դաստիարակել ժողովրդին և այդ հավատքն արտահայտել նրա կյանքում և կենցաղում։ Այս նվիրական գործը կատարելու համար Եկեղեցին պահում է Սուրբ Գիրքը իբրև գանձարան աստվածային պատգամների և պատվիրանների, պահում է Եկեղեցու ուղղափառ հայրերի գրվածքները և նրանց հեղինակությամբ առաջնորդում ժողովրդին։ Եկեղեցին է, որ պահում է քրիստոնեական վաղեմի ավանդությունները, Եկեղեցին է, որ աստվածային պաշտամունքի պես-պես հորինվածքով, ինչպես նաև հոգևոր խոսքի կենդանի քարոզությամբ հավատացյալների ուշադրությունը շարունակ ուղղում է դեպի կրոնի խորհուրդները և քրիստոնեական կյանքի իրողությունները։
Եկեղեցին է, որ հավատացյալների կյանքի բոլոր հանգրվաններում իր պաշտոնյաների միջոցով նրանց հետ է՝ նրանց ուրախությանն ուրախակից, նրանց վշտերին վշտակից, ուսուցչի և առաջնորդողի իր նվիրական դերում. միշտ ժողովրդի հետ է, նրա համար է և նրանով է գործում։

Քրիստոնեական գիտելիքներ բոլորի համար.
Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան

Leave a Reply

Your email address will not be published.